Մենք
-
Խորհրդի կազմը
Ի՞նչ նախաձեռնություն է սա
«ՈՉ ՍՏԻՆ» - շարժումը նախաձեռնել են մի խումբ մարդիկ, որոնք մտահոգ են Հայաստանի և հայության ներկայով և ապագայով, փորձում են ձևավորել մեդիա դաշտ և որակ, որտեղ կբացակայի սուտ և մանիպուլյացիոն ինֆորմացիան, հանրային ճնշման միջոցով կկարողանա զսպել պետական պաշտոնյաների ամենաթողությանը և անպատասխանատվությունը, բաց և թափանցիկ աշխատանքով կներկայանա հայ հասարակությանը։
Նախաձեռնության կարգախոսներն են՝ անկեղծություն, արդարություն, պատասխանատվություն։
Նախաձեռնության նպատակը
Նախաձեռնության անդամներն իրենց առջև նպատակ են դրել առողջացնել ՀՀ մեդիա դաշտը, այն է մաքրել այն մանիպուլյատիվ լրատվականներից, հանրային ճնշման միջոցով հասնել լրագողների և պետական պաշտոնյաների իրենց լիազորությունների կատարմանը։ Նախաձեռնությունը հետագայում իր առջև խնդիր է դնելու առանց ստի և կեղծիքի հանրությանը ներկայացնել բոլոր գործող քաղաքական դերակատարների՝ անձանց և յուսակցությունների ով և ինչ լինելը։
Աշխարհայացքը
Այդ ամենի առանցքային պատճառ են հանդիսացել Ստի և Կեղծիքի վրա կառուցված պետական ինստիտուտները, հասրակություն -իշխանություն հարաբերությունները, որը ի վերջո տարածվել է նաև անհատ-անհատ հարաբերությունների վրա։ Համարում ենք, որ ամենաառանցքային խնդիրներից մեկը սոցիալական արդարության հաստատումն է։
Վստահ ենք, որ այս հարցում պետությունը պետք է լուրջ միջոցառումներ իրականացնի, բայց տեսնելով այդ բացը, «ՈՉ ՍՏԻՆ» նախաձեռնությունը որոշել է իր վրա վերցնել ինֆորմացիոն դաշտը ստից և կեղծիքից մաքրելու գործընթացը, հանրության տարբեր հատվածներին հաշտեցնելու համար։ Սա միջոցառումների առանձին ծրագիր է ենթադրում:
Համակարգող մարմինը
Շարժումը համակարգող մարմինը Խորհուրդն է, որը բաղկացած է լինելու հինգ անդամներից: Խորհուրդն իր կազմից ընտրում է Համակարգող, որը կոորդինացնում է աշխատանքները և Շարժման անդամներին տեղեկացնում ընթացիկ զարգացումների մասին:
Խորհրդի անդամները հանրայնացնում են Շարժման որոշումները, հանդես են գալիս Շարժման անունից, ներկայացնում Շարժման նպատակները և ծրագրերը, կազմակերպում հանրային քննարկումներ ու ակցիաներ: Խորհուրդն ունի Շարժման անդամներին անդամությունից զրկելու լիազորություն, եթե նրանք գրանցվել են կեղծ օգտահաշիվներով, քննարկումների ժամանակ խախտել էթիկայի կանոնները կամ Շարժումը վարկաբեկող գործունեություն ծավալել: Մնացած դեպքերում Շարժման անդամներն ունեն ազատ արտահայտվելու իրավունք, մասնակցում են որոշումների կայացմանը, ընտրում և ընտրվում են:
Եթե Խորհրդի անդամը որոշում է վայր դնել իր լիազորությունները, ապա դրա մասին տեղեկացնում է Շարժման անդամներին և Խորհրդի նոր անդամի ընտրություն է կայանում:
Խորհուրդը կարող է որոշում կայացնել Շարժման գործունեության վերաբերյալ, սակայն ցանկացած անդամ կարող է այդ որոշումը բողոքարկել՝ այն դնելով ընդհանուր քվեարկության: Խորհրդի որոշումները կարող են վիճարկվել, եթե անդամների համապատասխան քանակությամբ ձայներ հավաքվեն:
Խորհրդի ընտրությունները
Խորհրդի անդամների ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Ընտրությունների ժամկետի մասին Համակարգողը տեղեկացնում է Շարժման անդամներին: Շարժման յուրաքանչյուր անդամ ունի 5 ձայնի իրավունք, որոնք նա բաշխում է ըստ իր ցանկության: Խորհրդի ազատված տեղի համար կազմակերպվում են լրացուցիչ ընտրություններ և նոր անդամի լիազորություններն ուժի մեջ են մինչև Խորհրդի ողջ կազմի ընտրություններն՝ ըստ սահմանված ժամկետի: